Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիևի հունվարի 29-ին Ռազմական դատախազությունում անցկացված կոլեգիայի նիստում զինված ուժերի կազմում 2015-ին մահացած զինծառայողների հնչեցրած թվաքանակի հետ կապված հակասություններ կան: Խոսելով Ադրբեջանում ռազմական զորամիավորումներում մի շարք ծանր և հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման մասին, Խանլար Վելիևը հայտարարել է, որ 2015-ին գրանցված հանցագործությունների 99,6 տոկոսը բացահայտվել է, զորամիավորումներում բոլոր տեսակի հանցագործությունների թիվը, 2014-ի համեմատ, զգալիորեն նվազել է: Meydan TV-ի հետ զրույցում Ջասուր Սումերենլին հերքել է Ռազմական դատախազությանը: «Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ոչ մարտական կորուստների թվի նվազման ուղղությամբ միտում չկա: Մեր հետազոտությունների համաձայն` 2015-ին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 78 զինծառայողներ տարբեր պատճառներով մահացել են: Մահերից 68-ը տեղի են ունեցել պաշտպանության նախարարության զորամասերում. 34-ը` փոխհրաձգությունների, 3-ը` ականի պայթյունի, ոչ կանոնադրական հարաբերությունների, բռնությունների և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով` 12 զինծառայող, 7 զինվոր ինքնասպանություն է գործել, 8 հոգի մահացել են դժբախտ պատահարների և այլ միջադեպերի հետևանքով, 4 զինծառայողներ մահացել են տարբեր հիվանդություններից: 2003-ից մինչև այսօր տարբեր պատճառներով մահացել են 900-ից ավելի զինծառայողներ: Դրանց մեջ հակառակորդի գնդակից մահացածների թիվը մոտ 220 հոգի է», -ասել է նա: Ջասուր Սումերենլին հայտնել է, որ թե 2015-ի, թե անցած 13 տարիների համար Ռազմական դատախազությունը երբեք որևէ հաշվետվություն հասարակությանը չի ներկայացրել զինծառայողների մահվան (հատկապես` ոչ մարտական պայմաններում) պատճառների և այդ մահերի համար պատժվածների վերաբերյալ: Հակառակը` շատ դեպքերում, ըստ նրա, Ռազմական դատախազությունը հասարակությանը ոչ ճշգրիտ և շփոթեցնող տեղեկություններ է հայտնում: Որպես օրինակ, նա նշել է Խանլար Վելիևի կողմից 2015-ի հոկտեմբերի 1-ին «Խալգ» թերթում բերված ԶՈՒ շարքերում մահերի և հանցագործությունների թվերը, որոնք, ըստ դատախազության, նախկին տարիների համեմատ, նվազել են: Նրա խոսքով` իրենց հետազոտութունները ցույց են տալիս, որ 2003-ի համեմատ, կորուստների թիվը ոչ թե պակասել, այլ աճել է: Զորամասերում տարբեր պատճառներով սպանված զինվորների ծնողներն այլ տեսակետ ունեն, նրանց մեծ մասը համաձայն չէ Ռազմական դատախազության նշած արդյունքների հետ: Այսօր էլ շարունակվում է 6-7 տարի առաջ սպանված զինվորների բազմաթիվ ծնողների պայքարը, նրանք համաձայն չեն դատախազության միջոցառումների հետ և շարունակում են բողոքներ ներկայացնել իրավապահ մարմիններ և դատարաններ: «Եվս մեկ հետաքրքիր և հակասական պահ. Ռազմական դատախազը հայտնում է, որ 2015-ին, 2014-ի համեմատ, Զինված ուժերում և օրենսդրությամբ նախատեսված այլ զինված միավորումներում մահվան դեպքերը 2,3 տոկոսով նվազել են: Մեր հետազոտությունների համաձայն` 2014-ին Զինված ուժերում և օրենսդրությամբ նախատեսված այլ զինված միավորումներում մահացել է 91 զինծառայող: Այսպիսով, Խանլար Վելիևի տված տեղեկության (2,3 տոկոս նվազում) հիման վրա 2015 թվականին պետք է մահացած լիներ մոտ 89 զինծառայող: Սակայն, ԶԼՄ-ների հաղորդագրությունների մեր մոնիտորինգի տվյալներով` 2015-ին անվտանգության և պաշտպանության հատվածում ընդհանուր առմամբ մահացել է 78 զինծառայող: Այսպիսով, 2015-ին մահացած մոտ 11 զինծառայողների անուններ մամուլին և, բնական է` մեզ հայտնի չէ, ինչը լուրջ հարցեր է ծնում»,- ասել է նա: «Խազար»-ի տնօրենը հավելել է, որ ադրբեջանական բանակում զինծառայողների մահերի վիճակագրության թաքցնելը լուրջ կասկածներ է ստեղծում բանակաշինության և հանցագործության դեպքերի, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում ուժային կառույցների ջանքերի նկատմամբ: